Հունիսի 10-ին Վլադիմիր Պուտինը երկու տարվա մեջ երկրորդ անգամ է գնում Վատիկան՝ Ֆրանցիսկոս պապին հանդիպելու: Նախագահն օգտագործում է Միլանի համաշխարհային ցուցահանդես այցը, որպեսզի հանդիպի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային և Ֆրանցիսկոս պապին: Նա կարող էր և պապի ընդունելությունը չխնդրել, արդեն հանդիպել էր 2013-ի նոյեմբերի 25-ին: Անկասկած զրույցի հիմնական թեման լինելու է ուկրաինական հարցը. Ռուսաստանը հիմա հայտնվել է մեկուսացման մեջ: Նախագահ Պուտինը գնահատել է պոնտիֆիկոսի դիրքորոշումը՝ նա դատապարտել է բռնությունն ՈՒկրաինայում՝ պահպանելով հարաբերական բարյացակամությունը Մոսկվայի նկատմամբ: Սուրբ աթոռը դեռ հույս ունի, որ ուկրաինացիները կհաշտվեն: Նա կաթոլիկ ունիականներին դրդում է (նրանք, ի դեպ, մի քիչ հիասթափված են պապի այդ դիրքորոշումից) հաշտության ձեռք մեկնել ուղղափառներին, նրանց մեջ էլ են տարաձայնություններ սկսվել Ռուսաստանի պատճառով:
Մերձավոր Արևելք և Սիրիա
Բացի այդ բարդ հարցից՝ խոսք կլինի և Մերձավոր Արևելքի ու Սիրիայի ճգնաժամի հաղթահարման մասին. Վատիկանի դիվանագետները լավ հասկանում են, որ առանց Ռուսաստանի այդ հարցը չի լուծվի: 2013-ի սեպտեմբերին Ֆրանցիսկոս պապը դիմեց Վլադիմիր Պուտինին (նա այդ ժամանակ քսանյակի նախագահն էր)՝ սիրիական ճգնաժամի դիվանագիտական լուծման խնդրանքով: Ռուսաստանում նրա խոսքերն անուշադրության չմատնվեցին: Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին տարածաշրջանում՝ առաջ մղելու իր շահերը, նաև՝ ուղղափառ քրիստոնեության սրբավայրերը պաշտպանելու ավանդույթով:
Վերջապես՝ երկուսն էլ հասկանում են, որ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների մերձեցման երաշխիքը Վատիկանի ու Կրեմլի լավ հարաբերություններն են, թեկուզ դեռ երկար տարիներ պահանջվեն: Այդ ճանապարհին առանցքային է լինելու պապի այցը Մոսկվա: Սուրբ աթոռը առաջվա նման հույսեր չի տալիս, պապի համար հիմնական գերակայությունը Չինաստանն ու Պեկինն են: Նրանց հանդիպումը հիանալի արտացոլելու է Վատիկանի դիվանագիտության նոր դիրքորոշումը՝ Վատիկանն այսօր աննախադեպ հեղինակություն ունի շնորհիվ Ֆրանցիսկոս պապի: Նրա անձնական մասնակցությունը միջազգային հարցերին և պետությունների ղեկավարների հետ հանդիպումները (շատ նուրբ, առանց արարողակարգի, ինչպես պաղեստինցիների ու իսրայելցիների, ամերիկացիների ու կուբացիների դեպքում) կարող են օգնել աննախադեպ մերձեցման հասնել և քանդել անխախտ թվացող պատերը: Անկասկած, դա Ֆրանցիսկոս պապի «հանդիպումների մշակույթի» ամենաուժեղ կողմերից մեկն է:
Ժան-Մարի Գենուա
Հ.Գ.
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը ՌԴ նախագահի համար քաղաքական շրջափակումից դուրս գալու տարբերակի որոնում է՝ դեմքը պահելով: Վատիկանն աշխարհի ամենափոքր պետությունն է, բայց այդ պետությունն ավելի մեծ ներգործություն ունի աշխարհում, քան հարևան մեծ պետությունները: Ի վերջո՝ նաև պապի առաքելությունն է խաղաղություն, հաշտություն ու ըմբռնում սերմանելը քրիստոնյա աշխարհում և քրիստոնյաների ու մուսուլմանների միջև: Հանդիպումն արդյունքներ կունենա, թե ոչ՝ բարդ է գնահատելը: Հատկապես ՈՒկրաինայի հարցում, հունիսին գրեթե հերքվում են փետվարին ձեռք բերված հաջողությունները և շատ մեծ է ռազմական մեծ բախման հավանականությունը: ՈՒ գուցե Պուտինի Վատիկան այցը հենց խնդիր ունի Մոսկվայից հեռացնել նախահարձակ կողմի մեղադրանքը: Իսկ Մերձավոր Արևելքն ու Սիրիան շատ ավելի բարդ հանգույց են, որը քակելու համար, ակներևաբար, Ֆրանցիսկոս պապի մասնակցությունը պետք է լինելու նոր ձևաչափով բանակցությունների հնարավորությունը քննարկելու համար: Հին ձևաչափերը բացահայտորեն կոնֆլիկտում ներքաշված կողմերին ընդունելի լուծումներ չեն գտնում: Եթե հանդիպման համաձայնությունը կայացել է, ուրեմն ինչ-որ լուծումների համաձայնություն ևս կա: Իսկ եթե ոչ, ՌԴ նախագահը պարզապես կարող է հիանալ Սուրբ Պետրոսի տաճարով, աղոթել ու վերադառնալ տուն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ